23

ՍԴ նախագահի տան խուզարկությունը, «գրչի» անլուրջ պատմությունը վառ ապացույց են՝ իշխանությունն ուզում է ամեն գնով ազատվել իրեն ոչ հաճո դատավորներից և ՍԴ-ն համալրել յուրայիններով. փաստաբան

ՍԴ նախագահի տան խուզարկությունը, «գրչի» անլուրջ պատմությունը վառ ապացույց են՝ իշխանությունն ուզում է ամեն գնով ազատվել իրեն ոչ հաճո դատավորներից և ՍԴ-ն համալրել յուրայիններով. փաստաբան

27 Հունվար 2020 06:22

ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացների, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության, ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է «Իմ Ձայնը» նախագիծի անդամ, փաստաբան Ասյա Օվանյանի հետ: Վերջինիս համոզմամբ՝ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ աղմուկն արհեստական է, և իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով ազատվել իր համար ոչ հաճո դատավորներից:

-Տիկի՛ն Օվանյան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ են հավաքագրվում իրավապահ մարմիններում, որպեսզի նրանց ճնշեն՝ ընդունել վաղաժամ թոշակի գնալու առաջարկը: Ի՞նչ է սա ենթադրում, և կա՞ այդ ամենը կանխելու մեխանիզմ, թե՞ ոչ:

-Մամուլում հրապարակված տեղեկատվությունը ՍԴ դատավորների և նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու վերաբերյալ հիմնավորում է, որ իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները որևէ կերպ չեն մտնում դրանք իրավական լինելու կամ այդպիսին ներկայացվելու տրամաբանության մեջ։ Սա և մնացած զարգացումները, որ տեղի են ունենում Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների շուրջ, հաստատում է բազմաթիվ իրավաբանների մտահոգությունը, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով ազատվել իր համար ոչ հաճո դատավորներից, ՍԴ-ն համալրել յուրայիններով։

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունը, օրենքն ընդունելուց անմիջապես հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք առաջադրելը, նրա բնակարանի խուզարկությունը, մերձավոր ազգականների նկատմամբ քննչական գործողությունները, և նաև «գրչի» անլուրջ պատմությունը դրա վառ ապացույցն են։ Այս պարագայում պետք է ակնկալել ՍԴ դատավորների արժանապատիվ արձագանքը։ Իսկ մյուս կողմից, Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները մենակ չեն, հասարակության կրթված հատվածը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում, և նրանց պասիվ աջակցությունը կարող է շատ արագ վերաճել ակտիվ դիրքորոշման։ Այս ամենն, իհարկե, չի կարող անտեսվել նաև միջազգային հանրության կողմից։

-Օրերս ՍԴ հարցի ու երկրի անվտանգության միջև զուգահեռներ տարավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը. որքանո՞վ են փոխկապակցված ՍԴ-ն ու երկրի անվտանգությունը, և ի՞նչ ենթադրություններ կարող ենք անել, եթե նման հայտարարություն է անում ի պաշտոնե տեղեկացված անձը:

-ԱԱԾ նախկին տնօրենի անհանգստությունը պետք է լինի հասարակական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ ՍԴ-ն և երկրի անվտանգությունն իսկապես փոխկապակցված են։ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները վտանգում են իրավական պետության հիմքերը։ Միատարր, միահեծան, առանց լուրջ հակակշիռների պետական ապարատ ունենալու իշխանության ձգտումները ակնհայտորեն պետականության դեմ ուղղված քայլեր են։

-Ի վերջո, ՍԴ-ում կա՞ ճգնաժամ, որի մասին շարունակում են պնդել իշխանությունները: Օրերս ՀՔԾ-ն խուզարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը, և որոշ փորձագետների պնդմամբ՝ դա Թովմասյանի հանդեպ քաղաքական հետապնդման շարունակությունն էր, Դո՞ւք ինչ եք կարծում:

-ՍԴ ճգնաժամի վերաբերյալ աղմուկը արհեստական է։ ՍԴ նկատմամբ վստահության պակաս ունի քաղաքական իշխանությունը: Անվստահության խնդիր չունեն մասնագետները, գիտնականները, փաստաբաններն ու դիտորդները: ՍԴ որոշումներով արդյունավետ աշխատում է իրավաբանական համայնքը։ Եվ իշխանության կողմից վերջերս հնչեցված այն միտքը, որ «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն ունի, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն», խոսում է հերթական մանիպուլյացիայի մասին, քանի որ չեմ կարծում, թե մտքի հեղինակները չգիտեն կամ չեն պատկերացնում ՍԴ լիազորություններն ու գործառույթները։  Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությանը, ապա քննչական գործողություների կատարումը, զուգորդված ՍԴ նախագահի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու:

Ամենաընթերցվածը







Հաստատ մի բան այն չի

17 Հունվար 2020 08:08 211






Օրացույց