223

Մարդկային կյանքերի ու անվտանգության հարց է

Մարդկային կյանքերի ու անվտանգության հարց է

11 Մարտ 2020 10:39

Սոցիալական ցանցերում ակտիվ պտտվում է մի տեսանյութ, որում «Կյանքի խոսք» եկեղեցու մի հովիվ խոսում է «կորոնովիրուսի» բուժման «մեթոդի» մասին։ Այստեղ  խնդիրն այն չէ, թե աբսուրդի որ ժանրից է  օգտվում սույն հովիվը ելույթի ժամանակ։ Անհանգստացնողը նախևառաջ այն է, որ դահլիճում  ներկաներից և  ոչ մեկի մտքով անգամ տարրական հարց, որևէ տարակուսանք կամ բնազդական հակազդեցություն չի առաջանում այս ակնհայտ աբսուրդային, անիմաստ պատմությունը լսելիս։

Այստեղ խնդիրը կրոնական կազմակերպությունների քարոզչական մեթոդները չեն, այլ այն, որ «կորոնովիրուս» կոչված պատուհասն այսօր տնտեսություններ է ցնցում, ունակ է աշխարհում քաղաքականություն փոխելու, իսկ տուրիստական շուկան արդեն իսկ կանգնեցրել է փլուզման եզրին։ Եվ այն, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ այսօրինակ քարոզները՝ օգտվելով «կորոնովիրուսի» շուրջ առաջացած մեծ աղմուկից և մթնոլորտից, արդեն անվտանգության հարց է։

Այս վիրուսային քաոսին դիմակայելու համար իրենց քաղաքացու կյանքը գնահատող երկրները լուրջ միջոցառումներ են ձեռնարկում՝ սկսած կարանտինային միջոցառումներից մինչև հասարակ կանխարգելիչ միջոցառումների անցկացում։ Խոսքը միայն այդ դահլիճում գտնվող մի քանի հարյուր մարդու անվտանգության ու կյանքի մասին չէ, այլ հանրության։

Կարծում ենք՝ գործող կառավարությունը պետք է պատշաճ ուշադրության արժանացնի այսպիսի երևույթները և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի։ Այլապես, որոշ ժամանակ անց, երբ վիրուսը լրջորեն թակի նաև մեր դուռը, կստանանք մի քանի անգամ ավելի քաոտիկ, անկառավարելի իրավիճակ, քան եղավ երբ օրեր առաջ, երբ Հայաստանում արձանագրվեց այդ վիրուսով վարակվելու մեկ դեպքը։

Առհասարակ, պետությունը պետք է հետևողական և ուշադիր լինի մարդու կյանքին և առողջությանը սպառնացող նման երևույթների նկատմամբ․ համապատասխան միջոցառումներին զուգահեռ նաև քարոզչական լուրջ քայլեր ձեռնարկի՝ ուղղված իր քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանմանը։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ