344

Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ

Պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ

02 Ապրիլ 2020 03:12

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակն անսովոր մարտահրավերներ է ստեղծել Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար: Դա առանձնահատուկ և մեծ մարտահրավերներ է ստեղծել նաև ազատությունից զրկվածների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում և այլ հաստատություններում գտնվողների: Նկատի ունենալով վարակի հետագա տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ գործողությունների ակնհայտ հրամայականը՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն անհրաժեշտ է համարել հիշեցնել խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի մասին: ԽԿԿ-ի կողմից մշակվել են մի շարք սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պատասխանատու են Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող ազատությունից զրկված անձանց համար:

Շեշտը դրվել է այն բանի վրա, որ հիմնական սկզբունքը պետք է լինի հնարավոր բոլոր գործողությունների իրականացումը, որպեսզի պահպանվի ազատությունից զրկված բոլոր անձանց առողջությունն ու անվտանգությունը։ Այդ սկզբունքների շարքում գլխավոր շեշտը դրվել է այն փաստի վրա, որ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Տարբեր երկրների պրակտիկայում արդեն իսկ սկսել են էական քայլեր ձեռնարկել մինչդատական կալանքի ներքո գտնվող անձանց առանձին խմբերի, նաև դատապարտված անձանց առանձին խմբերի ազատ արձակելու ուղղությամբ, իսկ մեր երկրում ընդհանուր քաղաքականություն այս ուղղությամբ չի իրականացվում։

Սա ոլորտ է, որը լուծումների կարիք ունի, այդ մարդկանց ձայնն այսօր լսելի չէ։ Ըստ էության անազատության մեջ պահվող անձանց, հատկապես մինչդատական վարույթում անազատության մեջ պահվող անձանց իրավունքների շատ ավելի լուրջ սահմանափակում ունենք այս պահին։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 16-ի կառավարության որոշմամբ խիստ կանոններ են սահմանվել հատկապես փակ հիմնարկներում պահվող անձանց նկատմամբ և դա լրջորեն սահմանափակող նշանակություն ունի:

Մեր պետությունը պետք է այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի։ Թեև ԲԴԽ-ն հայտարարել էր, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար, այնուամենայնիվ փաստենք, որ դատական նիստերը հաճախ հետաձգվում են: Սա իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը։ Խնդիրը կա, և այն շրջանցել պարզապես չի կարելի։ Հանրության ուշադրության կետրոնում գտնվող գործերից մեկը դրա վառ օրինակն է։ Տևական ժամանակ է, ինչ չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատավոր Դանիբեկյանի կողմից շաբաթներ ի վեր ձգվող դատական նիստի հետաձգումը և մինչ օրս պաշտպանական կողմին հնարավոր դատական նիստի ժամկետները հայտնի չլինելը, ըստ էության իրավունքների լուրջ սահմանափակում է, ինչպես նաև արդարադատության մատչելիության իրավունքի ոտնահարում։ Եվ եթե առաջին ատյանի դատարանը մարդու իրավունքների վերաբերյալ միջնորդությունը չի քննում, ապա դա ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում է: Խախտվում է նաև կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որը սահմանում է, որ  եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքերից որևէ մեկը խախտվել է, ապա ինքը պետք է ունենա պաշտպանության արդյունավետ միջոց։ Պետությունը պետք է արդյունավետ պաշտպանություն տրամադրի խախտումներից։

Ըստ էության դատական նիստերի անորոշ ժամկետով հետաձգմամբ քաղաքացիները զրկվում են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ավելին, առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծվում այն անձանց համար, ում ազատության իրավունքը մերօրյա բարդ իրավիճակում սահմանափակված է։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ