371

Ինչ սպասել դատավոր Դանիբեկյանի մայիսի 8-ի որոշումից

Ինչ սպասել դատավոր Դանիբեկյանի մայիսի 8-ի որոշումից

05 Մայիս 2020 11:28

Մայիսի 8-ին գրեթե երկու ամիս ձգձելուց հետո տեղի կունենա մարտի 1-ի գործով նիստը։ Նիստն անվերջ ձգձգվում էր մինչ համաճարակը, անհիմն կերպով ձգձգվեց նաև արտակարգ դրության ժամանակ։ Ակնհայտ է, որ դատարանը չուներ ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ուներ հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ անհետացել էր։ Սակայն, երբ խոսքը արդարադատության և իրավական համակարգի անխափան գործունեությանն է վերաբերում, շատ փոքր խնդիր է դառնում կոնկրետ դատավորի խնդիրները։ Հատկապես, եթե դա համաճարակային իրավիճակում է և այլոց կյանքին ու առողջությանն է վերաբերում։

Մայիսի 8-ին դատավոր Դանիբեկյանը հնարավորություն ունի կայացնել որոշում՝ առաջնորդվելով օրենքի պահանջով և միջազգային սկզունքներով ու չափորոշիչներով, և ոչ թե քաղաքական պատվերով։  

1. Դատարանը պետք է վերջապես անդրադառնա Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությանը։ Նրանցից յուրաքանչյուրն իրենց բացառիկ ավանդն են ունեցել մեր պետության զարգացման տարբեր փուլերում։ Նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ։

2. Դատարանը չպետք է անտեսի միջազգային կազմակերպությունների մոտեցումները, սկզբունքներն ու կոչերը՝ ուղղված համաճարակի պայմաններում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը։ Միջնորդությունները քննելիս դատավոր Դանիբեկյանը պետք է իր որոշումների հիմքում դնի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում։ Սկզբունքների շարքում գլխավոր շեշտը դրվել է այն փաստի վրա, որ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Սկզբունքների պարտադիր կիրառելիության մասին հայտարարել է նաև ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը` կոչ անելով անդամ երկրներին պաշտպանելու կալանավայրերում գտնվող անձանց իրավունքները պանդեմիայի ընթացքում: Ավելին, դատավոր Դանիբեկյանը պետք է նաև հաշվի առնի ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Միջգործակալական հարցերով մշտական հանձնաժողովի միջանկյալ ուղեցույցը COVID-19-ի վերաբերյալ. Ուշադրություն ազատությունից զրկված անձանց վրա»: Տարբեր պետություններում ՔԿՀ-ներում գտնվող բազմաթիվ անձանց ազատել են կալանքից՝ բացառելով խտրականությունը։ Հիմա հերթը Դանիբեկյանինն է։ Նա պետք է անդրադառնա կալանքի խնդրին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշները՝ առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը, տարիքը։

3. Դատավոր Դանիբեկյանը հնարավորություն ունի ապացուցել, որ ի պատասխան «վնգաստացող» անվանարկման դատավորը առաջնորդվում է մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ։ Սա է միակ ճանապարհը. գործել օրենքի և օրինականության շրջանակներում։ Իսկ եթե նա հերթական անգամ շարժվի անօրինականության ճանապարհով, ապա դա վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։

Մայիսի 8-ի որոշմամբ է պայմանավորված, թե ինչպիսին կլինի հասարակական մթնոլորտը. առաջին պլանում կլինի ներքին թշնամանքը, կրկին ճամբարների, ատելության և ներքին պառակտման խորացումը, թե կլինի բանաձև՝ ներքին հաշտեցման, ինչը զարգացման և առաջ գնալու միակ տարբերակն է։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ ձայնը» նախագիծ