104

Հարված գլխով

Հարված գլխով

05 Մայիս 2020 05:52

Հեռավոր 1997 թվականին համակարգչային շախմատային ծրագիրը հաղթեց աշխարհի չեմպիոնին: Այն ժամանակից շատ ջուր է հոսել: Հայտնվել են նորանոր համակարգչային շախմատային ծրագրեր՝ ավելի ու ավելի ուժեղ: Մրցախաղերում աշխարհի չեմպիոններն այլևս չեն խաղում համակարգիչների հետ, անիմաստ է։ Դա նույնն է, թե վարպետը խաղա այգիներում խաղացող սիրողական շախմատիստների հետ: Կարճ ասած՝ համակարգչային ծրագրերը մի գլուխ բարձր են աշխարհի լավագույն շախմատիստներից: Համակարգչային ծրագրերը մրցում են միմիանց հետ, անց կացնում աշխարհի առաջնություններ: 2017 թվականին հայտնվեց նոր համակարգչային ծրագիր, որը մրցախաղում համակարգչային ծրագրերի աշխարհի չեմպիոնին պարզապես ջախջախեց: Ամբողջ մրցախաղի ընթացքում նա չկրեց ոչ մի պարտություն՝ տանելով բազմաթիվ գեղեցիկ հաղթանակներ: Կարճ ասած, նոր ծրագիրը մի գլուխ բարձր է բոլոր համակարգչային ծրագրերից: Սակայն այն սովորական ծրագիր չէ, այլ՝ արհեստական բանականություն: Շատերը փորձում են բացատրել՝ ինչ ասել է արհեստական բանականություն, մյուս մասը փորձում է հասկանալ: Պարզ որ ասենք` արհեստական գլուխ: Այժմ ամբողջ աշխարհի տեխնոլոգիական ընկերությունները և պետությունները մրցավազքի մեջ են՝ նոր, ավելի հզոր արհեստական գլուխներ ստեղծելու գործում: Մարդկության պատմության մեջ դեռևս այսպես կարևոր չի եղել գլխի հարցը: «Ուժ կա, գլուխ պետք չէ»-ն այլևս չի գործում: 

Մեր հեղափոխությունը նույնպես այս միտման մեջ է: Ճիշտ է, բուն հեղափոխությունը տեղի ունեցավ հուզական ալիքի վրա, սակայն իշխանության գալուց անմիջապես հետո հեղափոխության առաջնորդը հայտարարեց` հեղափոխությունն ավարտված չէ, քանի դեռ այն չի կատարվել յուրաքանչյուր քաղաքացու գլխում: Երկու տարվա ընթացքում մենք ոչինչ չարեցինք՝ հեղափոխությունը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար: Այս գործում իրենց մեղքի բաժինը ունեն նաև հեղափոխության առաջնորդները: Ոչ մի գործ չարվեց, ոչ մի օրենք չընդունվեց, որոնք կստիպեին մեզ հեղափոխություն անել մեր գլուխներում: Ճիշտ է ասված` հեղափոխությունը ունի սկիզբ, բայց վերջ չունի: 

Եվ այս դժվար պահին պետության ղեկավարներից մեկը սխրանք գործեց, անձնական օրինակով ցույց տալով, թե ինչպես հեղափոխությունը պետք է մտնի մեր գլուխները: Բարձր պահելով պետական գործչի, հեղափոխության առաջնորդի և պարզապես հայ մարդու պատիվը, նա ազատություն չտվեց բռունցքներին և չդիմեց այլ միջոցների, պարզապես գլխով հարվածեց ընդդիմադրի քթին: Գործով ցույց տվեց մեզ, թե ինչպես է հեղափոխությունը տեղի ունենում գլուխներում:  

Հաճախ հանրապետության տարբեր վայրերում, հայ մարդու պատիվը բարձր պահելու համար, քաղաքացիները դիմում են անթույլատրելի միջոցների: Վերջերս Գավառում տեղ ունեցավ ողբերգություն: Հայ ծնողի, գերդաստանի պատիվը բարձր պահելու համար, քաղաքացիները հակառակորդի վրա կրակել են ինքնաձիգից: Մյուս կողմը՝ հայ եղբոր պատիվը բարձր պահելու համար, դանակով կտրել է հակառակորդի վիզը:  Հարգելի քաղաքացիներ, դուք ինչ է, գլուխ չունե՞ք ուսերի վրա: Բոլոր վիրավորանքները, վեճերը, միջադեպերը կարելի է լուծել գլխով: 

Ուշագրավ էր նաև մեր պետական գործչի հաջորդ օրվա ելույթը համացանցում: Մանրամասն բացատրելով տեղի ունեցածը՝ նա շնորհակալություն հայտնեց բազմահազար օգտատերերին, ովքեր սատարել էին իրեն, դրանով իսկ ցույց տալով, որ հեղափոխությունը տեղի է ունեցել իրենց գլուխներում: Կարծում եմ՝ հեղափոխության գործում կատարած մեծ ներդրման համար մեր պետական գործիչը արժանի է Ազգային Ժողովի և Կառավարության շնորհակալությանը և, ինչու չէ, նաև՝ պարգևի:  

Գլուխը չպետք է տաքանա: Գյումրիում քաղաքացին, գալով սիրուհու մոտ, լսեց կշտամբանքի խոսքեր: Գլուխը տաքացավ: Հայ սիրեկանի պատիվը բարձր պահելու համար՝ ազատություն տվեց ձեռքերին ու ոտքերին: Վերջում էլ բռունցքի մեկ հարվածով անչափահաս երեխային մի քանի շաբաթով ուղարկեց վերակենդանացման բաժանմունք: 

Պատկերացրեք՝ ինչ ավերածություններ կլինեն, եթե տաքանա արհեստական գլուխը: Պատահական չէ, որ համակարգիչներում ծավալով ամենաշատ տեղը զբաղեցնում է հովացման համակարգը: 

Ճիշտ նշանակումով օգտագործեք ձեր գլուխը, սառը պահեք այն, ձեռքերը՝ մաքուր և դիմակ կրեք, մեկ էլ տեսար՝ հաղթահարեցինք համաճարակը: Հեղափոխություն էլ կհասնի իր տրամաբանական ավարտին, գոնե՝ առանձին վերցրած մեկ երկրում: 

Արմեն Ստեփանյան