90

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է գայթակղիչ նախադեպ լինել այլ պաշտոնյաների համար

Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է գայթակղիչ նախադեպ լինել այլ պաշտոնյաների համար

12 Մայիս 2020 04:24

Մայիսի 13-ին կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դատարանի որոշումը։ Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների՝ արդեն տևական ժամանակ արհեստականորեն ձգձգվող քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումը փոփոխելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։

Այն, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող այս գործի վերաբերյալ ցանկացած որոշում դատավոր Աննա Դանիբեկյանի համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ, հասկանում են բոլորը։

Սակայն այստեղ չափազանց կարևոր ևս մեկ նրբություն կա, որը հաշվի չի առնում իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ռոբերտ Քոչարյանի գործը կարող է լինել այլ իրավախախտումներ կատարելու գայթակղության հիմք հենց գործող պաշտոնյաների կամ  հենց Հատուկ քննչական ծառայության համար։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ բացեիբաց՝ առանց  որևէ «ավելորդ» քողարկումների։ Սա շատ կարևոր է պետության համար. եթե մնացած քրեական գործերի քննությունները գնան մարտի 1-ի գործով ՀՔԾ-ի սցենարով, ու կայացվեն ծանր որոշումներ ու հետո, ավելի ուշ, պարզվի, որ նրանք հրահանգով կամ սեփական նախաձեռնությամբ առաջնորդվել են «արդյունք՝ ցանկացած գնով» բանաձևով, ապա դա միայն այլանդակելու է պետության հիմքերը։ Այդպես է լինում մեկ մարդու իշխանության պայմաններում, այդպես է լինում դատական համակարգի վրա բռնի ճնշումների պայմաններում, այդպես է լինում սեփականաշնորհված ՀՔԾ-ի և հորինվող քրեական գործերի պայմաններում։ Նախադեպն արդեն սրանով դրված է։

Ինչ-որ մեկի զգացմունքների, նեղ ամբիցիաների, քմահաճույքների բավարարման համար ընդունվող որոշումները կարող են ծանր հետևանքներ ունենալ նախևառաջ Հայաստանի պետականության կայացման համար։ Տիրող կողմնակալ «արդարությունն» ու իրավական ռեպրեսիաները ևս չեն կարող անհետևանք լինել։

Հենց ա՛յս կոնտեքստում նաև կարելի է դիտարկել  մայիսի 13-ի՝ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ՝ իրենից բխող բոլոր հետևանքներով։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ