141

Հարկային ռուդիմենտ

Հարկային ռուդիմենտ

31 Մայիս 2020 06:24

Պատկերացրեք հետևալ վիճակը. պայմանական «Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն մի քանի տարի աշխատում է չինական  ընկերությունների հետ՝ ներկրելով Հայաստան լայն սպառման ապրանքներ: Արագ կողմնորոշվելով կորոնավիրուսի հետ կապված պահանջարկի շուկայական  փոփոխություններում և օգտագործելով գործարար կապերը, Հայաստան ներկրեց /պայմանական/ մեծ քանակով անձնական հիգիենայի պարագաներ:

2020 թվականի ֆինանսական արդյունքների ամփոփումից հետո ընկերության յուրաքանչյուր բաժնետեր` Պողոսը և Պետրոսը,  վաստակեց 1 200 000 դոլարի համարժեք դրամ : Ընկերությունը վճարել էր բոլոր հարկերը, այդ թվում Պողոսին և Պետրոսին վճարումից առաջ, հաշվարկել և բյուջե էր փոխանցել եկամտահարկը շահութաբաժնից:

Պողոսը որոշեց վաստակած միլիոնը ներդնել Բաթումի քաղաքում, գնելով հյուրանոցային համալիրներում ապարտամենտներ: Դրանք չեն հարկվում գույքահարկով: Իսկ ստացած եկամուտից, կվճարի եկամտահարկ Վրաստանի բյուջե:

Պետրոսը որոշեց կառուցել Երևանում առանձնատուն՝ իր երազածը: Պայմանագիր կնքեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հետ, որն էլ իրականացրեց շինարարությունը:

Մեզ հաջողվեց «ԴղյակՇին» ՍՊԸ -ի հաշվապահի միջոցով որոշ տվյալներ ստանալ:

Այսպես`

Այսպիսով`

Պետրոսի դղյակաշինության պատճառով վճարված աշխատավարձի և շահութաբաժնի գումարները նույնպես մտան ՀՀ տնտեսական գործունեության շրջանառության մեջ ստեղծելով հավելյալ արժեք, վճարումներ բյուջե և այլն: Մատակարարները, օրինակ ցեմենտի գործարանը, նաև այլ հարկեր վճարեց բյուջե:

Քանի որ Պետրոսի դղյակաշինությունը այդպիսի հետևանքներ էր առաջացրել, ՀՀ կառավարությունը ի դեմս ֆինանսների նախարարի և Վարչապետի որոշում կայացրեց Պետրոսին պատժել գույքահարկով՝ 6 000 000 դրամի չափով: Նա այդ գումարը պետք է վճարի ամեն տարի: Տնից տեղից հեռու, Պետրոսից հետո էլ նրա ժառանգները պետք է վճարեն այդ գումարը ամեն տարի:  Պողոսը լուռ ծիծաղում է Պետրոսի անհեռատեսության վրա: 

«Պողոս և Պետրոս» ՓԲԸ-ն հնարավոր է աշխատում է Ռուսաստանում կամ այլ երկրում:

Պողոսը այնտեղ է ներդրում կատարում, իսկ Պետրոսը ցանկանում է կառուցել առանձնատուն Հայաստանում, գնել բնակարան Երևանում:

 

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ անշարժ գույքի հետ կապված օրենսդրական փոփոխությունները երկարատև և մանրամասն քննարկումների արդյունք են, կրում են հեղափոխական բնույթ և նպատակաուղված են`

  • Վերականգնել եկամտահարկի համահարթեցման  հետ կապված սոցիալական արդարության սկզբունքի խաթարումը
  • Քաղաքացիների մոտ ձևավորել ադեկվատ վերաբերմունք պետական բյուջեի նկատմամբ
  • Զարգացնել Հայաստանում քաղաքաշինական կուլտուրան
  • Անշարժ գույքի հարկման մասով 4,3 անգամ մեծացնել մուտքերը տեղական բյուջեներ
  • Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը 

 

Փորձենք վերլուծել ասածը:

Արդյո՞ք խաթարվել է սոցիալական արդարության սկզբունքը եկամտահարկի համահարթեցման պատճառով: Այս հարցը առանձին քննարկման խնդիր է, սրան մենք կվերադառնանք հետագայում:

Արդյո՞ք վերականգնվում է սոցիալական արդարությունը Պողոսի օրինակում: Պատկերացնենք, որ Պետրոսը երեկ էր վաստակել գումարը, օրինական ճանապարհով, վճարելով բոլոր հարկերը, գնել է բնակարան, շքեղ բնակարան, կառուցել առանձնատուն կամ դղյակ: Այսօր Պետրոսը եկամուտներ չունի: Այսօր մենք Պետրոսին պարտադրում ենք վճարել էլ ավելի բարձր գույքահարկ: Արդյոք սա խոսում է սոցիալական արդարության մասին: 

Մի փոքր պատմական էքսկուրս:

Գույքահարկը ծագել է հողից ստացվող եկամուտները հարկման միտումով: Քանի որ եկամուտների հարկումը կապված է եղել հասկանալի դժվարությունների հետ, հարկվել է հողը, որպես եկամուտ առաջացնող հիմնական միջոց: Հետագայում սկսվել են հարկվել նաև եկամուտներ առաջացնող շենքերը և շինությունները: Ընդգծենք եկամուտներ առաջացնող, եկամուտներ բերող, եկամուտներ ստեղծող հիմնական միջոցները: Իշխանությունները բոլոր երկներում միշտ էլ հակված են քաղաքացիներին էլ ավելի հարկելու: Շահութահարկի, եկամտահարկի գործիքները հայտնվելուց հետո էլ  գույքահարկը շատ երկրներում շարունակում է գործել, լինելով ըստ էության միջնադարյան հարկման համակարգի ռուդիմենտ: Նշենք, օրինակ, որ  Միացյալ Թագավորությունում  գույքահարկ, այն հասկացությամբ ինչպես մեր մոտ, գոյություն չունի, ոչ անշարժ գույքից, ոչ հատկապես շարժական գույքից: Անշարժ գույքի ձեռք բերման ժամանակ, կա գույքահարկի ռուդիմենտար երևույթներ: 

Ֆինանսների նախարարը հիմնավորելով գույքահարկի բարձրացումը հղում է անում այլ պետությունների: Այլ պետություններում չկա գույքահարկ շարժական գույքի նկատմամբ: Ձեր տրամաբանությամբ այն մեզ մոտ պետք է չեղարկվի:

Տրամաբանակա՞ն է արդյոք Պետրոսին կամ քաղաքացուն, ով չունի եկամուտներ, հարկել գույքահարկով,: Արդարացի՞ է արդյոք գույքահարկը ընդհանրապես: Քաղաքացին կատարելով բոլոր հարկային պարտավորությունները գումար է վաստակում: Գնում է բնակարան, վճարված գումարի 30 տոկոսը շինարարական կազմակերպություները հարկերի տեսքով վճարում են բյուջե: Իշխանությունները քաղաքացուն հարկում են նաև գույքահարկով: Սա տրամաբանակա՞ն է, արդարացի՞ է, առաջադե՞մ է, նպաստու՞մ է ներդրումային մթնոլորտին: 

 

Ինչպիսի՞ վերաբերմունք է առաջանում Պետրոսի մոտ բյուջեի նկատմամբ, Պողոսի մոտ, կամ քաղաքացու, ով չունի եկամուտներ, բայց պարտավորված է վճարել գույքահարկ, թեկուզ սիմվոլիկ: Բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, պահանջատիրությունը, քաղաքացիների մոտ կարելի է և պետք է ձևավորել եկամտային հարկի մասին օրենքում փոքր փոփոխություն կատարելով՝ յուրաքանչյուր քաղաքացի ինքն է վճարում եկամտահարկը:

Հնարավո՞ր է, արդյոք, ստիպողաբար, անարդարացի, անտրամաբանական, հետադիմական միջոցներով զարգացնել հանրապետությունում քաղաքաշինական մշակույթ:

Այն որ թե տեղական և թե պետական բյուջեն կարիք ունեն մուտքերի ավելացման կասկածից վեր է: Կարելի՞ է արդյոք կեղծ ռեֆորմիստական լոզունգներով հիմնավորել տեղական բյուջեի մուտքերի մեծացումը: 

Սահմանենք եկամտահարկի, այդ թվում շահութաբաժնից վճարվող եկամտահարկի, առանձին 5-ից 10  տոկոսանոց սանդղակ, բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար: Թողարկենք պետական պարտատոմսեր 10-ից 20 տարվա   մարման ժամկետով, 0 տոկոսադրույքով: Դիմենք մեր քաղաքացիներին, բացատրենք իրավիճակը, հայցենք նրանց հանդուրժողականությունը: Բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հավելավճարները կոմպենսացնենք պարտատոմսերով: 

Թուլացնել մեր հոգեկան առողջության վրա դղյակների ճնշող ազդեցությունը: Ահա գլխավոր նպատակը: Վարչապետը իր խոսքի մեջ  ասաց`

«Մարդիկ տներ կառուցում են ըստ էության առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, որովհետև մտածում են ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող` այնքան ավելի իրենց սոցիալական դերը մեծանում է: Եթե նույնիսկ այդպես ուրեմն մյուսներին պետք է վճարեն:»

Մեկնաբանությունները ավելորդ են: Ոչ թե գույքահարկ, այլ պարզապես նախանձահարկ:

Մի պահ մոռանանք գույքահարկի մասին: 

Հիշենք մեր հեղափոխությունը: Հեղափոխության գլխավոր նպատակը մարդակենտրոն, քաղաքակիրթ, արդարացի պետության կառուցումն է:

Այս տեսանկյունից դիտարկենք, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես հարկային համակարգը`

  • Հարկատու կորող է լինել միայն մարդը, քաղաքացին,
  • Հարկատու կարող է լինել քաղաքացին, ով ունի եկամուտ։

Հարկային համակարգի տեսլականը Հաղթած Հեղափոխության Հայաստանում պետք է լինի`

ՀՀ-ում գործում է միայն մեկ հարկ` եկամտահարկ: Քաղաքացին այն հաշվարկում և վճարում է բյուջե ինքնուրույն: 

Այս թեզի վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:

Գույքահարկը պետք է փոխարինվի եկամտահարկի բարձրացմամբ: Դա կլինի արդարացի, տրամաբանական, չի վատացնի ներդրումային մթնոլորտը: Պողոսը չի ծիծաղի Պետրոսի վրա:

Հուսանք, որ  ԱԺ-ում քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները օրենսդրական նախաձեռնության հեղինակներից կփորձեն ստանալ մեր բարձրացրած հարցերի պատասխանները: 

Արմեն Ստեփանյան