158

Ռազմավարություն

Ռազմավարություն

15 Հունիս 2020 09:58

Օրերս բանավիճում էի իմ շատ լավ ընկերոջ հետ, ՀՀ-ում ստեղծված քաղաքական, և ոչ միայն, իրավիճակի մասին: Նշեմ, որ ընդդիմադիրս բարձր, ընդգծեմ շատ բարձր, քաղաքակրթական և ինտելեկտուալ կարողությունների տեր անձնավորություն է: Մեր բանավեճը զարմանալիորեն հիշեցնում էր ներկայումս հանրությունում ընթացող քաղաքական, և ոչ միայն, մտորումները ու վեճերը:

Հայեցակարգային խնդիրների մասին ցանկանում եմ կիսվել ընթերցողների հետ:

Ես  պնդում եմ, որ իշխանությունների մոտ բացակայում է ռազմավարական մոտեցումները, իշխանությունները գործում են պահի թելադրանքով, հաշվի չառնելով նպատակներին հասնելու ընդհանրական հայեցակարգերը: Ընդդիմադիրս պնդում է, որ դրանք ընդհանուր խոսքեր են և արժանի չեն ուշադրության:

Բոլոր թերահավատների համար` երբ շախմատի վարպետը խաղում է սիրողական շախմատիստի հետ, նա առանձնապես չի լարվում, հաշվում երկար-բարակ տարբերակներ: Ի զարմանս սիրող շախմատիստի, վարպետի խաղաքարերը հարկավոր պահին հայտնվում են հարկավոր տեղում, և նա հաղթում է: Վարպետը խաղում է օգտագործելով ընդհանրական մոտեցումները՝ նա օգտագործում է ռազմավարությունը: Համակարգչային շախմատային ծրագրերը հիմնականում  հիմնված են խորը հաշվարկի վրա, մեկ վարկյանում հաշվարկում են 50-100 միլիոն քայլ, նրանք հաղթում են աշխարհի լավագույն շախմատիստներին: 2017 թվականին հայտնվեց նոր համակարգչային շախմատային ծրագիր, արհեստական բանականություն՝ AlphaZero-ն: Նա մրցախաղում  համակարգչային շախմատային ծրագրերի աշխարհի չեմպիոնին,  Stockfish- ին պարզապես ջախջախեց:

Մաթեմատիկոս ԱՄՆ-ի Cornell University –ի կիրառական մաթեմատիկայի պրոֆեսոր Steven Strogatz-ը   The New York Times -ի  2018թ. դեկտեմբերի 26-ին հրապարակված հոդվածում գրում է՝

«Ակնհայտ է, որ AlphaZero-ն հաղթեց մտածելով ավելի խելացի, ոչ ավելի արագ: Այն վայրկյանում զննում էր ընդամենը 60 հազար դիրքեր՝ Stockfish-ի 60 մլն-ի դիմաց: Ավելի իմաստուն էր՝ իմանալով, թե ինչի մասին մտածել և ինչ անտեսել: AlphaZero- ն հաղթեց Stockfish-ին, անգամ երբ վերջինս օգտագործում էր սկզբնախաղային ահռելի գրադարանը: AlphaZero-ն հաղթեց Stockfish-ին, անգամ երբ վերջինիս տրվեց 10 անգամ ավելի շատ մտածելու ժամանակ»։

Հոդվածին կարող եք ծանոթանալ՝ www.nytimes.com/2018/12/26/science/chess-artificial-intelligence.html հասցեով:

Ավելացնենք պրոֆեսորի խոսքերին AlphaZero-ն հաղթեց ռազմավարական մոտեցման շնորհիվ, 10 000 անգամ դանդաղ հաշվելով:

Ռազմավարությունը, ռազմավարական ծրագիրը, դա ընդհանուր հայեցակարգն է, թե ինչ ճանապարհներով ենք ցանկանում հասնել մեր իսկ կողմից նախանշված նպատակներին: Ռազմավարական ծրագիրը պետք է հիմնվի ստեղծված իրավիճակի վրա, պետք է հաշվի առնի իրականությունը, կառուցվի օգտագործելով մեր ուժեղ կողմերը, հաշվի առնելով թուլությունները: Պատկերացնենք խաղատախտակի կամ ճակատի մի հատվածում ունենք առավելություն: Մենք հենց այդտեղ պետք է զարգացնենք նախաձեռնությունը: Ավելին, եթե մենք դա չենք անում, փաստորեն հրաժարվում ենք մեր առավելությունից, կորցնում այն: Ռազմավարությունից բխում են մարտավարական քայլերը: Մարտավարությունը ինքնին ռազմավարություն է իրականացնողների համար, դրանից բխող մարտավարական ծրագրերով ներքևի օղակների համար: Ռազմավարությունը դոգմա չէ, այն կարող է փոփոխվել իրավիճակի փոփոխման հետ: Լավ պլանավորման դեպքում կարող են լինել մի քանի ռազմավարական ծրագրեր, կանխատեսելով իրավիճակի փոփոխման միտումները:

Կարելի է ասել, որ սրանք հասկանալի ճշմարտություններ են և չարժե դրանց մասին խոսել: Սակայն իշխանությունների վարած քաղաքականությունը մեզ ստիպում է մտածել հակառակը:

Ռազմավարական մտածողության տեսանկյունից դիտարկենք կառավարության կողմից ընդունված և ԱԺ ուղարկված օրենսդրական նախագիծը գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Հեղափոխությունը սահմանել է մեր նպատակը` մարդակենտրոն, քաղաքակիրթ, արդարացի, տնտեսապես զարգացած պետություն կառուցելը:

Մեր ռազմավարությունը պետք է կառուցվի այս նպատակը իրականացնելու համատեքստում, օգտագործելով մեր ուժեղ կողմերը, հաշվի առնելով թուլությունները:

Մեր աչքի զարնող ամենաուժեղ կողմը`մեր սփյուռքն է: Հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է արտերկրներում: Պետք է հաշվի առնենք մեր բազմաթիվ թուլությունները` մեր իրականությունը:

Հարկային համակարգը պետք է լինի մարդակենտրոն. Հավելյալ արժեք ստեղծողը միայն մարդն է:

Քաղաքակիրթ, այսինքն առաջադեմ: Գույքահարկը, ըստ էության, միջնադարյան հարկային համակարգի մնացուկ է, ռուդիմենտ:

Արդարացի. քաղաքացին, ով չունի եկամուտ չի կարող հարկվել ընդհանրապես:

Հարկային համակարգը պետք է նպաստի տնտեսական զարգացմանը, խթանի ներդրումները:  Գույքահարկի բարձրացումը հակառակ ազդեցությունը կունենա:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժեղ կողմը` սփյուռքը ներդրումներ կատարի Հայաստանում: Արտերկրներում բնակվում է  6 միլիոն հայ, միջին հաշվարկով 2 միլիոն ընտանիք: Եթե առաջիկա 5 տարում նրանց 2 տոկոսը`40 հազար ընտանիքը, ձեռք բերի Հայաստանում առանձնատուն կամ բնակարան Երևանում, ապա դա ահռելի խթան կհանդիսա տնտեսության զարգացման համար: Հաշվարկենք, բնակարանի կամ առանձնատան միջին արժեքը 70-80 հազար դոլար: Ներդրումների ծավալը կկազմի 3 միլիարդ դոլար, որի 30 տոկոսը ուղիղ կգնա պետական բյուջե: Գտնենք ճարտարապետական և դիզայներական հետաքրքիր լուծումներ այդ աշխատանքի մեջ, օգտագործելով համացանցը, ներքաշենք սփյուռքը: Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավենք դրամական միջոցներ, սահմանենք 15-20 տոկոս կանխավճար, մնացած գումարին տրամադրենք ցածր տոկոսադրույքով վարկ: Ուսումնասիրենք Բաթումիի փորձը:

Գույքահարկը ընդհանրապես վերացնենք:

Սա է ռազմավարական մոտեցումը, և դրանից բխող, վերևում որպես օրինակ բերված, մարտավարական ծրագիրը:

Իշխանությունները  գույքահարկի փոփոխությունները հիմնավորում են եկամտահարկի համահարթեցման պատճառով սոցիալական արդարության խաթարումը վերականգնելու նպատակով: Բացարձակապես իրականության հետ չառնչվող հայտարարություն: Քաղաքացին կարող է ունենալ բարձր եկամուտներ և բնակվել ցածրարժեք բնակարանում և հակառակը:  Այս նպատակին կարելի է հասնել ԱԱՀ-ն աստիճանաբար իջեցնելով և փոխարինելով եկամտահարկի բարձրացմամբ: Սա նաև կծառայի մարդակենտրոն բնորոշմանը:

Իշխանությունները գույքահարկի փոփոխությունները  հիմնավորում են քաղաքակրթական նպատակի, քաղաքացիների մոտ բյուջեի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման ծառայեցմանը: Համաձայնվենք այս պնդման հետ, սակայն այս նպատակին կարելի է հասնել ավելի հեշտ և էֆեկտիվ միջոցով` եկամտահարկը քաղաքացին վճարում է ինքնուրույն: Սա իրագործվում է մի փոքր փոփոխություն կատարելով եկամտահարկի մասին օրենքում: Սա էֆեկտիվ է, քանի որ քաղաքացին եկամտահարկը վճարում է ամեն ամիս և ոչ տարին մեկ անգամ: ԱԺ-ում եկամտահարկի համընդհանուր հայտարարագրման մասին քննարկման ժամանակ ֆինանսների նախարարը նշեց, որ դա առայժմ չի նախատեսվում: Անհասկանալի է թե ինչու: Կամ ինչ-որ պահ` գույքահարկը վճարվում է տեղական բյուջե, իսկ եկամտահարկը պետական, միգուցե սա է պատճառը:

Ինչևէ, ելնելով հեղափոխության նպատակներից և ռազմավարական մոտեցում կիրառելով գույքահարկը ընդհանրապես պետք է չեղարկվի:

Ռազմավարությունը համաճարակի դեմ:

Ինչպե՞ս հաղթահարել COVID-19 համաճարակը։ Այս հարցին նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել ենք, սակայն հարկ եմ համարում կրկնել`արմատախիլ անելով , արհեստական իմունիտետով, բնական իմունիտետով։

Տարբերակ առաջին` համավարակի տարածվացծության պայմաններում զրոյի ձգտող հավանականություն ունի: Մարդկությունը դատապարտված է ապրել COVID-19-ի հետ ինչպես գրիպի տարբեր տեսակների, սեզոնային սուր վարակիչ վիրուսային հիվանդությունների հետ:

Տարբերակ երկրորդ` են թադրում է իրականացնել ազգաբնակչության մասսայական պատվաստում COVID-19-ի դեմ: Ի՞նչ իրավիճակում է պատվաստանյութի ստեղծման գործընթացը:

COVID-19- ի դեմ պատվաստանյութերը մշակվում են մի շարք երկրներում, այդ թվում՝Չինաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Չինաստանում գիտնականները մշակում են առնվազն հինգ պատվաստանյութ: Նրանցից ոմանք արդեն սկսել են փորձարկումները: Պատվաստանյութ ստեղծելիս առաջնահերթություն է տրվում դրա անվտանգությանը, արդյունավետությանը և մատչելիությանը: Չինաստանի իշխանությունները թույլ տվեցին անցկացնել կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ մարտի կեսերին: Ապրիլին ԱՄՆ-ում սկսվեցին պատվաստանյութերի առաջին փորձարկումները:

Ռուսաստանի առողջապահության նախարարության համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի աշխատակիցները, մայիսի վերջին փորձարկել են COVID-19- ի դեմ իրենց սեփական վեկտորային պատվաստանյութը, և փորձը հաջող է՝ կա իմունիտետ, բացասական հետևանքներ չեն հայտնաբերվել: Այս մասին «Ինտերֆաքս» -ին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը:

Financial Times-ի դեղագործության, կենսատեխնիկայի և առողջապահության ոլորտի թղթակից Hannah Kuchler-ը մայիսի 22-ի համարում զետեղված «Գիտնականներն ընդդեմ քաղաքական գործիչների» (Scientists vs politicians: there ality check for ‘warpspeed’ vaccine)  հոդվածում անդրադարձել է COVID-19- ի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին: Հոդվածին կարող եք ծանոթանալ`

https://www.ft.com/content/1467b1da-28a5-47d4-a5e2-a6f4b68484c3 հասցեով:

Կարճ շարադրենք հոդվածի հիմնական ուղղերձները`

«Քաղաքական գործիչները, Թրամփը, հնարավորինս շտապեցնում են գիտնականներին պատվաստանյութի ստեղծման գործում, այս գործի համար գումարներ չեն խնայվում: Մինչև տարեվերջ մենք կարող ենք տեսնել պատվաստանյութեր Moderna- ից, Pfizer- ից և նրանց գործընկերներից` BioNTech- ից, AstraZeneca- ից և Oxford համալսարանից։

Բայց գիտնականները զգուշացնում են` արտադրությունը խոչընդոտ չէ,  ժամանակ է պահանջում բավարար արդյունավետության և անվտանգության տվյալների ստուգումը:

Պատվաստանյութերը սովորաբար ստեղծվում են շատ տարիների և նույնիսկ տասնամյակների ընթացքում: 2013թ-ին հոլանդացի գիտնականների կողմից հրապարակված հոդվածում ասվում է, որ միջին պատվաստանյութ ստանալու համար պահանջվել է 10,71 տարի, իսկ դրա հաջողությունը սկզբից մինչև վերջ կազմում էր ընդամենը 6 տոկոս: Յուրաքանչյուր փուլ փորձ է: Հիմքեր կան հավատալու, որ այս անգամ ավելի արագ կլինի: Քանի որ Covid-19 դեմ պատվաստանյութ ստեղծողները օգտվում են Սարս և Մերս կորոնավիրուսների համար պատրաստված հիմունքներից:

Թրամփը առաջին նախագահը չէ, որ պատվաստանյութը տեսնում է որպես միջոց քաղաքական ռիսկերը չեզոքացնելու համար: 1976թ-ին Ջերալդ Ֆորդը Սպիտակ տանը պատվաստվեց խոզի գրիպի դեմ, բավարար փորձարկումներ չանցած պատվաստանյութով, լուսանկարվեց և գովազդեց ազգաբնակչության համար: Բայց պատվաստանյութը լուրջ հեռակա կողմնակի էֆեկտ ունեցավ`Guillain-Barré համախտանիշը: Հազվադեպ վիճակ, որի դեպքում մարդու իմունային համակարգը սկսում է պայքարել սեփական ծայրամասային նյարդերի համակարգի դեմ: Հարյուրավոր մարդկանց մոտ զարգացավ Guillain-Barré համախտանիշը` ծայրամասային նյարդերի համակարգի կաթված»։

Պատրա՞ստ ենք մենք բավարար չափով չփորձարկված պատվաստանյութերով պատվաստելու մեր երեխաներին, խորհուրդ տալու պատվաստվել երիտասարդներին: Պատրա՞ստ են արդյոք իշխանությունները պարտադրել իրենց քաղաքացիներին պատվաստվել: Սրանք հռետորական հարցեր են: Կարծում եմ պատվաստանյութերով Covid-19 դեմ կարելի կլինի պայքարել 2-3 տարի անց:

Տարբերակ երրորդ` ձևավորել ազգաբնակչության մոտ ակտիվ բնական իմունիտետ: Այսօր գոյություն ունեցող միակ ռեալ ռազմավարությունը:

Համաճարակի հարցում չընտրելով որևէ ռազմավարություն մենք զարմանալիորեն ընթանում ենք միակ ճիշտ ռազմավարական ուղղությամբ:  Պարզապես կույր ենք չենք գնահատում համաճարակը, և որպես հետևանք Վարչապետից և առողջապահության նախարարից անընդհատ լսում ենք համաճարակի դժոխային ընթացքի մասին: Սակայն թվերը մեզ ասում են տրամագծորեն հակառակը: Բնական իմունիտետի ձևավորման ռազմավարության տեսանկյունից կարևորեն` մեծ հիվանդացության և փոքր մահաբերության թվերը: Մենք պետք է շատ հիվանդանանք և քիչ մահանանք:

Բոլոր թերահավատների համար`

Երկիր, աշխարհամաս

Գրանցված   դեպքերը

Գրանցված մահերը

Գրանցված դեպքերը/մլ

Գրանցված մահերը/մլ

Մահաբերություն

Սինգապուր

40197

25

6874

4

0,06%

ԱՄՆ

2156917

117733

6518

356

5,46%

Հայաստան

16004

264

5401

89

1,65%

Հյուսիսային

Ամերիկա

2474706

144846

4202

246

5,85%

Ռուսաստան

528964

6948

3625

48

1,31%

Եվրոպա

2205756

182865

2950

245

8,29%

Իրան

184955

8730

2204

104

4,72%

Թուրքիա

176677

4792

2096

57

2,71%

Աշխարհ

7825948

98855

1004

553

1,26%

Ադրբեջան

9570

115

944

11

1,20%

Վրաստան

851

14

213

4

1,65%

Տվյալները` www.worldometers.info/coronavirus/կայքից:  Last updated: June 14 2020 20:00 GMT

Մեկ միլիոն ազգաբնակչության հաշվարկով հիվանդացության ցուցանիշով մենք առաջատար դիրքերում ենք, որը շատ լավ է, իսկ մահաբերության ցուցանիշով հետնապահերում, որը նույնպես շատ լավ է: Մենք Վրաստանի համեմատ 25 անգամ շատ ենք հիվանդանում և ունենք նույն մահաբերության ցուցանիշը: Բոլոր երկրները, վաղ թե ուշ, համաճարակը հաղթահարելու են բնական իմունիտետ ձևավորելու ճանապարհով: Մենք կհաղթահարենք վաղ, ունենալով մահաբերության լավ ցուցանիշներ: Ճտերը, այս դեպքում թե ուղղակի, և թե անուղղակի իմաստով աշնանն են հաշվում:

Բուժող բժիշկներին գերազանց, համաճարակաբաններին անբավարար:

Կառավարությանը`ռազմավարություն:

Երկրորդ կարևոր թեման`կարելի՞ է արդյոք պատերազմական պայմաններում քննադատել իշխանություններին, պահանջել հրաժարականներ:

Կառավարությունը պատերազմի պայմաններում ԱԺ է բերում օրինագիծ գույքահարկի մասին օրենքում փոփոխությունների կատարելու վերաբերյալ: Քաղաքական օրակարգը թելադրում է կառավարությունը: Միևնույն ժամանակ ԱԺ իմքայլական պատգամավորները, շատ քաղաքական մեկնաբաններ, իմ ընդդիմախոսը պահանջում են չվարել ներքաղաքական պայքար՝ պատերազմական ժամանակաշրջանում, չքննադատել կառավարությանը: Եթե ներքաղաքական պայքարը պատերազմի ժամանակ տաբու է, ապա ինչու է կառավարությունը համաճարակի հետ չկապված օրենքներ և օրինագծեր բերում ԱԺ: Քաղաքական պայքարի գագաթնակետը ընտրություններն են, իսկ նրանց միջև ընկած ժամանակաշրջանում`օրենքների և օրինագծերի քննարկումը և ընդումումը ԱԺ-ում:

Ազգային Ժողովի կողմից գույքահարկի օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագծի ընդունումը շեղում է հեղափոխության նպատակներից` հեղափոխությունից:

Արմեն Ստեփանյան