107

Դատարանի որոշումը ստեղծում է լավ նախադրյալներ՝ գործի նոր որակի քննության համար

Դատարանի որոշումը ստեղծում է լավ նախադրյալներ՝ գործի նոր որակի քննության համար

18 Հունիս 2020 07:52

Երկու օր շարունակ հետևելով վերաքննիչ դատարանում մարտի 1-ի գործով խափանման միջոցի հարցի դատական քննությանը և անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ ուզում եմ առանձնացնել մի քանի դիտարկում.

  1. Վերաքննիչ դատարանում բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, Հայաստանի ամենևին ոչ բոլոր դատարաններում է նման որակ ապահովվում։ Սրա մասին պետք է մտածել։ Սա մասնագիտական պատշաճ մակարդակի օրինակ էր. ես ի նկատի ունեմ ոչ թե  վճիռը, այլ դատական գործընթացը՝ բարձրացվող հարցերի որակը, մանրակրկիտությունը, քննարկման մթնոլորտը և այլն։ Նույնը կասեի ցանկացած որոշման դեպքում։

  2. Անմիջապես ծագում է հաջորդ տրամաբանական հարցը. արդյո՞ք Աննա Դանիբեկյանը այն դատավորն է, որն ի վիճակի է քննել մարտի 1-ի գործը և տալ պատասխաններ։

  3. Դատարանի այս որոշումից հետո ընդգծված զուսպ վարքագիծ դրսևորեցին Քոչարյանի ընտանիքն ու աջակիցները՝ առանց ավելորդ էմոցիաների, առանց ավելորդ լարվածության մթնոլորտի։ Եվ դա գնահատելի է։

  4. Դատարանի որոշումը չպետք է դիտարկվի որպես կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն։ Սա Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կամ տուժողների պարտությունը չէ։ Եվ տվյալ դեպքում ես նրանց կողքին եմ։ Մենք դեռ պետք է հասնենք զոհերի սպանության համար մեղավորների բացահայտմանն ու պատասխանատվությանը։ Մենք պետք է ա՛յդ կերպ մեր հարգանքի տուրքը մատուցենք տուժողներին։ Դատարանի այս որոշմամբ ստեղծվում են պայմաններ՝ ավելի հանդարտ և ավելի լիցքաթափված մթնոլորտում պարզելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Այս որոշմամբ հիմք է դրվում մարտի 1-ի գործի քննությունը ոչ լարված մթնոլորտում իրականացնելու համար։ Այս որոշմամբ պետք է պետք է սկիզբ դրվի ներքին լարվածության թուլացմանը՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, և այդ պայմաններում բաց խոսել մարտի 1-ի մասին, լսել ու ասել այն, ինչը գիտենք այս բարդ և բազմաշերտ գործի մասին։

 

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ