140

Հեգնանքի փոխարեն՝ շնորհակալություն

Հեգնանքի փոխարեն՝ շնորհակալություն

01 Հուլիս 2020 07:56

«Եվ դարից երկար ձգվում է օրը» Չինգիզ Այթմատով

Հունիսի 25-ը ծանր օր էր Աժ-ում: Արտահերթ նստաշրջանի վերջին օրն էր, քննարկվում էին բազմաթիվ հարցեր և լսումներ: Օրվա վերջում, հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահի տարեկան հաղորդումից հետո իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը տարօրինակ հարց հնչեցրեց` արդյո՞ք ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լևոն Յոլյանը համարում է իրեն ընկեր ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին: Ծանր օր էր, հիշողություն էլ չէր մնացել:

Այն, որ իմքայլական պատգամավորին Հայաստանի բնակչության 99 տոկոսը չի ճանաչում՝ հարցի մի կողմն է։ Այն, որ 1991թ-ին ծնված պատգամավորը կարող է ավելի կոռեկտ լինե,լ դա դաստիարակության հարց է։ Բայց կա հարցի մեկ այլ հարթություն։ Այդ մարդիկ ղեկավարել են շախմատի ֆեդերացիան։ Եվ եթե շախմատում, ինչպես ցանկացած այլ ոլորտում, լինում են հաջողություններ, ապա դա չի լինում առանց կազմակերպչական լուրջ աշխատանքի։

Շախմատի աշխարհի չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է: Սակայն Նորվեգիան չի համարվում շախմատային գերտերություն, անգամ լավագույն տասնյակից շատ հեռու է: Բայց շախմատային  գերտերություն համարվում է Հայաստանը: Հայաստանի շախմատի հավաքականը երեք անգամ դարձել է համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող, որը չի հաջողվել որևէ մեկ այլ հավաքականի: Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Հայաստանի հավաքականի պատվին ՀՀ դրոշը բարձրացվել է Ստամբուլում, հնչել ՀՀ օրհներգը: Միջազգային ասպարեզում որևէ բնագավառում Հայաստանը չունի այդպիսի հաջողություններ, անգամ մի փոքր դրան մոտ: Այդպիսի հաջողությունները չեն կարող լինել հանկարծակի, հարթ տեղում, դրանք սերունդների և կոլկտիվների տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք են: Կաթիլ-կաթիլ ձևավորվել է համաշխարհային հաջողությունը։ Եվ երբ երիտասարդ իմքայլական պատգամավորը հիշատակում է շախմատի ֆեդերացիան՝ ճշտելու համար Յոլյանի ընկերական շրջապատը, ապա դրա փոխարեն կարող էր հետաքրքրվել շախմատի ներկայիս խնդիրների վերաբերյալ։ Կարող էր նաև շնորհակալություն հայտնել մեր պետության շախմատի մեծ հաջողություն կերտածներին.

Ասենք «Շնորհակալություն» Շախմատիստի տան բոլոր ժամանակների աշխատակիցներին, շախմատի դպրոցի բոլոր ժամանակների աշխատակիցներին, Հակոբ Մոկացյանին: Շնորհակալություն Շախմատի ակադեմիայի բոլոր ժամանակների աշխատակիցներին, Սմբատ Լպուտյանին, բոլոր մարզիչներին, բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին, Աշոտ Վարդապետյանին, «Շախմատյան Հայաստան» ամսագրի բոլոր ժամանակների աշխատակիցներին, Գագիկ Հովհաննիսյանին: Շնորհակալություն շախմատի մեկնաբաններին և լրագրողներին: Շնորհակալություն շախմատի հովանավորներին: Շնորհակալություն Հենրիկ Գասպարյանին և Տիգրան Պետրոսյանին, Էդուարդ Մնացականյանին, Վանիկ Զաքարյանին և նրանց սերնդի շախմատիստներին: Շնորհակալություն Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին և նրանց սերնդի շախմատիստներին: Շնորհակալություն Սմբատ Լպուտյանին, Հովիկ Խալիկյանին, Լևոն Յոլյանին և նրանց սերնդի շախմատիստներին: Շնորհակալություն Արտաշես Մինասյանին, Վլադիմիր Հակոբյանին և նրանց սերնդի շախմատիստներին: Շնորհակալություն Հայաստանի շախմատի հավաքականում հանդես եկած բոլոր շախմատիստներին: Շնորհակալություն Աշոտ Անաստասյանին: Շնորհակալություն ոսկե հավաքականին` Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Արտաշես Մինասյանին, Տիգրան Պետրոսյանին, Սերգեյ Մովսիսյանին, Սմբատ Լպուտյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին:  Շնորհակալություն Կարեն Ասրյանին: Շնորհակալություն Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի բոլոր ժամանակների աշխատակիցներին:

Շնորհակալություն Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանին, փոխնախագահներ Տարոն Մարգարյանին, Լևոն Յոլյանին, առաջին  փոխնախագահ Սմբատ Լպուտյանին, պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանին:

Շնորհակալություն Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին:

Միայն նախկին հաջողությունները կերտածներին շնորհակալ լինելով է հնարավոր նոր հաջողությունների ունենալ։ Եվ ոչ միայն շախմատում։

 

Արմեն Ստեփանյան