725

Հիմնադիր հայրերը. Վաշինգտոն, Դե Գոլ, Ադենաուեր, Հովակիմյան

Հիմնադիր հայրերը. Վաշինգտոն, Դե Գոլ, Ադենաուեր, Հովակիմյան

03 Հուլիս 2020 12:50

Յուրաքանչյուր երկիր ունի իր հիմնադիր հայրերը։ Դրանք այն ազդեցիկ մարդիկ են, ովքեր կարողացել են պետություն ստեղծել կամ փոխել են կոնկրետ երկրի, ինչու չէ, նաև՝ ողջ պատմության ընթացքը։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ճիշտ ժամանակին հայտնվել են ճիշտ տեղում և փոխել կոնկրետ երկրների ճակատագրեր։

 ԱՄՆ-ում հիմնադիր հայրեր են համարվում առաջին նախագահ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը և այլք։

Ժամանակից Ֆրանսիայի «հիմնադիր հայրն» է մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլը, որի մասին հիշողությունն անգամ շարունակում է ազդեցություն գործել Ֆրանսիայի այժմյան քաղաքականության վրա։

Գերմանիայում այդ ազդեցիկ անձը Գերմանիայի Դաշնային Հարապետության հիմնադիր կանցլեր Կոնրադ Ադենաուերն էր։ Նրա ղեկավարության տարիների (1949-1963թթ) հիմնարար ուղղություններն առ այսօր որոշում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին կառուցվածքն ու արտաքին քաղաքական կողմնորոշումը:

Ժամանակից Ռուսաստանի «հիմնադիր հայր» կարելի է համարել ՌԴ երկրորդ նախագահ Վլ. Պուտինին, որը երկրի համար ճակատագրական պահին կարողացավ ղեկն իր ձեռքը վերցնել, փրկեց երկիրը փլուզումից  և Ռուսաստանի համար զարգացման և հզորացման սեփական ճանապարհը որոշեց։

Նոր Հայաստան 

Պետությունների ճակատագրական շրջադարձերի հիմքում հաճախ լինում է նոր Սահմանադրության գաղափարը։ Հաշվի առնելով Հայաստանում Սահմանադրական դատարանի «ազատագրման» և «փրկության» թեմայով վերջին շրջանում ԱԺ բարձր ամբիոնից հնչող բոցաշունչ ելույթների քանակն ու էքսպրեսիայի անսովոր չափաբաժինը՝ կարող ենք վստահաբար ասել, Նոր Հայաստանի հիմադիր հայրը Վահագն Հովակիմյանն է։ Նա ավելին է, քան հասարակ պատգամավորը։ Հայ ժողովուրդն իսկապես դեռ ըստ արժանվույն չի գնահատել նրա վեհ անձը։ Հովակիմյանն իրապես արժանի է Հայաստանի «հիմնադիր հայր» կոչմանը, քանզի նրա խորը վերլուծությունները և քաղաքացիական խիզախությունը հիմք դրեցին Հայաստանում սահմանադրական կարգի հաստատմանը։

Սերունդներն անշուշտ ըստ արժանվույն կգնահատեն Վահագն Հովակիմյանի գործը։ Նրա բացառիկ ջանքերով հնարավոր եղավ Հարավային Կովկասում ստեղծել իրավունքի և ժողովրդավարության կղզյակ։

Նա մոտավորապես նույն էնտուզիազմով, համառությամբ և ուժերի լարումով է պայքարում, ինչպես օրինակ Ջեֆերսոնը ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը կյանքի կոչելիս կամ ասենք՝ Դը Գոլը «Ազատ Ֆրանսիա» շարժումը գործի դնելիս, որով էլ մտավ պատմության մեջ՝ որպես Ֆրանսիայի դիմադրության խորհրդանիշ։

Ավե Վահագ. Ինչպես անմահացնել Վահագն Հովակիմյանի անունը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի օրինակներով հայաստանյան առաջադեմ շրջանակներում արդեն հնչում են առաջարկներ՝ անվանափոխել ՀՀ մայրաքաղաքը կամ Երևանի օդանավակայանը։ Վերջին գաղափարը ավելի հետաքրքիր է թվում՝ Հայաստան ժամանող յուրաքանչյուր անհատ, անկախ իր քաղաքացիությունից, Հայաստանում պետք է առաջինը լսի Վահագն Հովակիմյանի անունը։ Ինչպես Փարիզում՝ Շարլ դե Գոլինը, կամ Վարշավայում՝ Շոպենինը։ Անմահները պիտի անմահացվեն։ Ակնկալում ենք այլ առաջարկներ՝ Հովակիմյանի վառ կերպարի անմահացման մրցույթում։

 

«Իմ Ձայնը» նախագիծ

«Անտիուտոպիա» խորագիր