99

Կասկածները պետք է փարատվեն

Կասկածները պետք է փարատվեն

07 Սեպտեմբեր 2020 02:54

Ուղիղ 2 տարի առաջ ՀՀ դիվանագիտական անձնագրերի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հետաքրքիր կերպով այսօր նույն թեմայի շուրջ հասունանում է նոր սկանդալ։

Երկու տարի առաջ մամուլը հեղեղված էր «կոռուպցիայի» հերթական դրսևորման մասին լուրերով։ Պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են տրամադրվել պետական ծառայության հետ կապ չունեցող անձանց։ Թոփ լուրը շրջանառվեց տարբեր լրատվամիջոցներով, իշխանության ներկայացուցիչները, հանրային գործիչներ միմյանց հերթ չտալով խոսում էին անթույլատրելի կոռուպցիայի, արժեքային մոտեցման և սկզբունքների մասին։ Մեծ աղմուկով հրապարակվեց չեղարկված և վերադարձված դիվանագիտական անձնագրերի ընդհանուր թիվը՝ 395։ Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաև Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը: Ստացվեց, որ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր տրամադրելն ամենալուրջ կոռուպցիոն դրևորումն էր:

Հիմա պարզվում է, կոռուպցիան գրեթե «հաղթահարած» երկրում, որտեղ 2018թ. հետո չեղարկվեց 395 անձնագիր, 2018թ.-ից հետո չկոռումպացված իշխանության կողմից տրամադրվել է 783 նորը։ Ընդ որում, ըստ հաշվարկների այդ 783 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն: Ակնհայտ է, որ մեր երկրում 369-ով չի ավելացել քաղաքական և դիվանագիտական պաշտոն զբաղեցնողների թիվը։ Այս պարագայում առաջանում է առանցքային հարցը. Ովքե՞ր են այն 369-ից ավելի անձինք, որոնք ստացել են դիվանագիտական անձնագրեր։

Իշխանությունները, սակայն խուսափում են ներկայացնել տեղեկատվություն, թե ովքեր են ստացել դիվանագիտական անձնագրեր, հիմնավորելով, որ այդ անձանց տվյալները գաղտնի են և չեն կարող տրամադրվել։ ԱԳՆ մամուլի խոսնակը ներկայացրեց վերացական տվյալներ, համաձայն որի 764 դիվանագիտական անձնագիր տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք), իսկ 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր։ Իսկ թե ում է տրամադրվել, չի հրապարակվում։

Շատ կարևոր է պարզել, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը, ինչ ծառայությունների համար են տրամադրվել դիվանագիտական անձնագրերը։ Իրեն թափանցիկ և հաշվետու ներկայացնող իշխանությունները պարզապես իրավունք չունեն մինչև վերջ չփարատել կասկածները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հրապարակել դիվանագիտական անձնագիր ստացածների ցանկը։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ