497

Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը

Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը

23 Սեպտեմբեր 2020 11:09

Մարտի 1-ի գործի քննությունը վերածվել է դատավոր Դանիբեկյանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման կամ հետաձգման անվերջ գործընթացի։ Ցանկացած միջնորդության սկզբում արդեն իսկ կարելի է ենթադրել դատավոր Դանիբեկյանի որոշումը։ Դանիբեկյանը ցանկացած միջնորդություն քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Կա տպավորություն, որ եթե հնարավորություն ունենար, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։

Դանիբեկյանն առանց վարանելու մերժում է ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները։ Հերթական մերժումը Մարտի 1-ի գործի նյութերն ամբողջական ծավալով պաշտպանական կողմին տրամադրելու միջնորդությանն էր վերաբերում։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։ 

Դեռևս 2019 ապրիլին պաշտպանական կողմը միջնորդել էր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել էր, պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են պաշտպանական կողմին ։ Ըստ էության ընտրվել են միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ. Քոչարյանի դեմ։

Իսկ թե ինչ փաստեր կան մնացյալ 500 հատորում, կարելի է միայն ենթադրել, քանի որ պաշտպանական կողմին գործի այդ նյութերը չեն տրամադրվում։ Միգուցե այնտեղ կան հետաքրքիր փաստեր և ցուցմունքներ, ապացույցներ, որոնք ամեն կերպ փորձում են չհանրայնացնել։

Տրամադրված 79 հատորում բացակայում են կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ։ Այդ հարցրերին անդրադարձ է կատարվել նաև Վիկիլքսյան գրագրությունում, սակայն մարտի 1-ի առանձնացված մասով հատորներում առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։ Վիկիլիքսյան հրապարակումները, սակայն, փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Արդյոք այս մասին տեղեկատվությունը տեղ է գտել մնացյալ 500 հատորներում, թե՝ ոչ, կարելի է միայն ենթադրություններ անել։ Սակայն հասկանալիորեն այս հանգամանքի բացահայտումը  քրեական գործը բոլորովին այլ հունով էր տանելու։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար հատկապես այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

Առանձնացված 79 հատորում չկան նաև բացահայտումներ, որոնք կվերաբերեին հավաքների խաղաղ կամ ոչ խաղաղ լինելու հանգամանքին։ Վիկիլիքսյան հրապարակումներում ներկայացվում են փաստեր ցուցարարների ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով զինված լինելու մասին։ Ըստ ամերիկյան դիվանագետների գրագրության ցուցարարները գրավել էին Հաղթանակի կամուրջը՝ որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ էին դրել, որպեսզի հնարավոր լիներ հեշտությամբ այրել մեքենաները։ Այս դրվագներին առանձնացված 79 հատորում անդրադարձ չի կատարվել։

Այս հարցերի վերաբերյալ ապացույցները, ըստ էության, գործը կարող էին տանել այլ ուղղությամբ։ Հավանաբար մնացյալ 500 հատորը կարող է փոխել գործի ընթացքը, նոր բացահայտումներ անել։ Սակայն քննությունը նման խնդիր չի դրել, և ըստ էության, իշխանությունները շահագրգիռ չեն մարտի 1-ի իրական բացահայտմամբ։

Իսկ մինչ այդ պարզապես արձանագրենք, որ Դանիբեկյանի միջնորդությունը հետաձգելու հերթական որոշմամբ խախտվում է դատավարության կողմերի մրցակցության սկզբունքը, անհնար է դարձնում արդյունավետ պաշտպանության կազմակերպումը։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ