155

Փաշինյանի «խնդրանքների» իրավական գնահատականը

Փաշինյանի «խնդրանքների» իրավական գնահատականը

30 Նոյեմբեր 2020 12:58

Նիկոլի «Թե ինչու Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը չմեկնեցին Մոսկվա» թեմայով շարադրության նպատակը հասկանալի է և դրան անդրադառնալը թերևս կնշանակի քաջալերել Փաշինյանին նոր շարադրություններ գրելու հարցում։

Բայց Փաշինյանի հասկանալի նպատակով արված գրառումում տեղ է գտել ձևակերպում, որը վստահաբար իրավապահների քննության առարկա պետք է դառնա, դրան պետք է իրավական գնահատական տրվի։ Այստեղ ինքնախոստովանական ցուցմունքներ են առանձին քրեական գործերով իրավական համակարգին ուղղված ցուցումների և դրանց կատարման վերաբերյալ։ 

«Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը»։ 

Սրանք Փաշինյանի խոսքերն են, ով երկու և կես տարի բոլորին համոզում էր, որ դատարաններն անկախ են, սակայն հրամայում էր շրջափակել դատարանները, հակասահամանադրական եղանակով փոխել ՍԴ ոչ յուրային դատավորներին, ստեղծել իր ցուցումները անվերապահորեն կատարող դատավորների համակարգ։

Հետաքրքիր է այս երկու և կես տարվա ընթացքում Փաշինյանը ուրիշ ինչ «խնդրանքներով» է դիմել իրավապահներին և ինչ ընթացք են ստացել խնդրանքները։ Ինչպիսի խնդրանքներով է դիմել ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, Դատախազությանը և դատական համակարգի առանձին դատավորների, իսկ հետո խրոխտ հայտարարել, որ դատաիրավական համակարգը անկախ է։

Թե քանի անհիմն, դատարկ քրեական գործ է հարուցվել այդպիսի խնդրանքներով, կարելի է միայն ենթադրել։ Թեև դրանցից առավել աղմկահարույցները հասարակության աչքի առջև է եղել։

Թե ինչպիսի խնդրանքների արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվեցին գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաջորդ իշխանությունների ժամանակ կպարզվի։ Կպարզվի նաև, թե ինչու շինծու, միկողմանի, որ ըստ էության տապալված մարտի 1-ի գործով ծանր հարված հասցվեց բանակին և պետականությանը։ Եվ դա տեղի կունենա ոչ հեռավոր ապագայում։ Կպարզվի նաև դատական համակարգի խնդրանքներ կատարող դատավորների նկատմամբ ներգործության եղանակները։ Այս մասին դեռ կպատմեն հենց «խնդրանքներ» կատարողները։ Կպատմեն ճնշման, շանտաժների մեխանիզմների մասին։ 2021թ. հարուցվելիք գործերի շրջանակներում պետք է պարզվեն այս հանգամանքները։

Վաղը իշխանությունը փոխվելու է, և մեղադրայլի աթոռին հայտնվածներից շատերը մանրամասն պատմելու են Նիկոլի խնդրանքների մեխանիզմների մասին։ Իսկ մինչ այդ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի տիրույթում է, որը ոչ մի դեպքում չպետք է անուշադրության մատնվի, դրան պետք է իրավական գնահատակն տրվի։ Այսօր իրավապահ համակարգից պահանջվում է չկատարել անօրինական հրահանգները, չդառնալ նոր «խնդրանքների» հանցակից։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ