1804

Կանխելով ռազմական հեղաշրջման փորձը՝ Քոչարյանը կանխել է առավել մեծ արյունահեղությունը

Կանխելով ռազմական հեղաշրջման փորձը՝ Քոչարյանը կանխել է առավել մեծ արյունահեղությունը

21 Հունվար 2020 08:56

2008 թ․մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նախորդող շրջանում արդեն իսկ խոսակցություններ էին պտտվում ընդդիմության շուրջ որոշ վտանգավոր համախմբումների մասին։  Խոսքը Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների մասին է, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց նաև վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից, համաձայնության էին եկել ընդդիմության լիդերների հետ՝ հնարավոր հեղաշրջմանն աջակցելու հարցում։

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչները այս թեմայով խոսել են և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, և՛ Լևոն Զուրաբյանի, և կառավարության ներկայացուցիչների։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի նամակում խոսվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման բովանդակության մասին։ Այդ խոսակցությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ դեսպանատունը ոչ միայն տեղյակ է եղել ԵԿՄ որոշ պաշտոնյաների պլանների մասին, այլև դա քննարկել է հենց Լևոն Զուրաբյանի հետ։ Միաժամանակ ԱՄՆ դիվանագիտական պաշտոնյան բացառել է իրենց կողմից որև է աջակցություն ընդդիմությանը։ Փեննինգթոնը նշել է, որ իրենք հաճախ զրուցում են Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների հետ, որպեսզի տեղյակ լինեն իրադարձությունների ընթացքից, սակայն երբեք չեն համակարգում նրանց գործողությունները և կապ չունեն վերջիններիս ռազմավարության հետ։

Հանդիպման ժամանակ Ռ․ Քոչարյանը ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ 

Փեննինգթոնի նույն նամակում նշվում է նաև, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ 

Լևոն Զուրաբյանն էլ փետրվարի 22-ին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության,  հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել Պաշտպանության Նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ։

Այս պարագայում միամտություն կլինի կարծել, թե ռազմական հեղաշրջումները լինում են «վարդաշատ և սիրառատ»․ նույնիսկ սարսափելի է պատկերացնել այն արյունոտ  սցենարը, որին ականատես կլինեինք, եթե երկրի գործող իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, քայլեր չձեռնարկեին որոշ զինվորականների  օժանդակությամբ հեղաշրջումը կանխարգելելու ուղղությամբ։

 

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ